Ֆոտո

3 авг. 2012 г.

Չուղարկված նամակ

Առավոտյան մի գավաթ թեյ, ու երաժշտություն:Մի հին ջութակ, ու երաժշտություն:Փողոցի առավոտյան ամայություն, մեղեդային  օդ, ու մի ամբողջ հոգու  երաժշտություն:
Տարիներ առաջ այս օրը նա ծնվեց, ծնվեց հեռու մի երկրում, ուր արևն  ուրիշ է շողում, ուր օդը երաժշտությամբ է բուրում, ուր  ծովը նազող կնոջ նման այնպես է սեթևեթում,որ անխոս սիրահարվում ես  նրան, կյանքին, աշխարհին:
Իսկ հիմա օդի ամեն մոլեկուլ հիշեցնում է իրեն, որ անցյալն անդարձ է, որ  իր հայրենիքում մարդիկ արդեն օտար են, որ ծովը պչրում է ուրիշի համար:
Բաժանելով հոգու կրակն ու մնալով  պայծառ` ծեր երաժիշտը ժպիտ  ու լույս է նվիրում ամենքին` փորձելով մարդկանց հոգում  մի կաթիլ սեր ցոլացնել:
Ժամանակին նա երկրի լավագույն երաժիշտն էր, դրամ էր կուտակում չգիտես թե ում համար ( նա ժառանգներ չուներ), բայց մի օր որոշեց ապրել այնպես, ինչպես ուզում  է. Սեր նվիրել ու երգել մարդկանց սերը` հոգում հյուսելով իր կյանքի մեղեդին`իր վերջին նամակը նրանց:
Ամեն տարի այս օրը մի լալագին անձրև է  գալիս, ու ջութակի  հոգին ճախրում է եթերային թռչունի պես:Այն քաղաքի մի փոքրիկ հյուլեն է` աննշմարելի, բայց և անբաժանելի:Կյանքը հոսում է այստեղ, ու կարծես ոչինչ չէր փոխվի, եթե չլիներ չքնաղ գործիքը:Բայց չնայած դրան` երաժիշտն իր  հոգու երգն ու ժպիտն է նվիրում` մարդկանցից  չպահանջելով ոչինչ:
Եվ  այսօր` իր չգիտես թե որ ամյակին, նա զգաց մայրամուտի հպումը, ու ծեր ջութակը նվագեց իր կարապի երգը, նվագեց ավելի լավ, քան երբևէ…
…Իսկ աշխարհին ուղարկվելիք նամակը չէր ավարտում:Նոտաները պարում էին ջութակի պես հին սենյակում,իսկ թուղթը մնում էր ճերմակ:Ծեր մարդու հոգում մի միտք էր պտտվում. Ինքը կապրի մինչև վերջին նոտայի  գրվելը…
…Արտասուքի երկու կաթիլ ընկավ  կամրջին, ու աշխարհն այդ երկու կաթիլով ավելի ծանրացավ:Խոնավացան կյանքի  հիմքերը, իսկ արևաձույլ  աղջիկը, անգամ գիտակցելով  դա, լալիս է` ծանրացնելով աշխարհը վշտի կաթիլներով:
Ծովի լազուր կա նրա աչքերում, ու արեվի ոսկի` հոգու մեջ:Հեռավոր  ահյրենիքի կապույտ պչրանքը ու երգով լցված օդն է հիշեցնում նա:
Բարկությունից որոտում է գետը  ու կարծես  սպասում իրեն:Բայց մի ձայն, մի կյանքի մեղեդի, հոգու կրակի մի կայծ կանգնեցնում է նրան  ու համոզում ապրել… իսկ  հետևում` անձրևի միջից ժպտացող ջութակը…
Երեկոյան երաժիշտը մտավ  հրուշակեղենի  խանութ ու ծննդյան մի մեծ տորթ գնեց, ինչպես  իր տասնամյակին: Բարի մի ժպիտով  հրաժեշտ տվեց քաղաքին, ու սանդուղքները տարան նրան վեր: Մտավ տուն: Ինչպես ոսկի աղջկա վշտալի արցունքները խոնավացնում էին  աշխարհը, այնպես և անձրևը` կաթ-կաթ, ու ժամացույցը` թիկ-թակ:Աշխարհի ձայները, միահյուսվելով հոգում, նամակի առաջին հնչյունները դարձան , իսկ աղջկա կյանքոտ աչքերից սիրով բուրեց սենյակը:
Երաժիշտը  մոտեցավ պատուհանին, հանեց տոնական կոստյումը, ու կյանքի կարևոր պահեր առաջ եկան հոգում:Այս կոստյումով էր կնոջ հետ պարում իրենց հարսանեկան պարը և հենց այս տոնական կոստյումով սիրելիին հանձնեց հողին: Նա հագավ կոստյումը իր կյանքի վերջին կարևոր իրադարձության համար` իր չգիտես թե  որ ամյակին:
Նամակի մեղեդին պարում էր սենյակում:Երաժիշտը  նստեց ճոճաթոռին`ծննդյան տորթի առջև, մտովի հրավիրեց իր` կյանքից արդեն հեռացած ընկերներին` ավանդելու իր նամակը` իր հոգու մեղեդին…
…Անձրևը լռեց, ու ժամացույցը կանգնեց` ավելացնելով կյանքի փոստարկղում ևս մի չկնքված ու չուղարկված նամակ…

Комментариев нет:

Отправить комментарий